Այո, նախագահական ընտրությունները բացահայտում են շատերի իրական դեմքը: Թեկնածուների մեծ մասի համար գաղափարական պայքարը վերածվել է անձնական հաշիվներ մաքրելու, միմյանց նսեմացնելու եւ դրանով կարծես` սեփական ՙես՚-ը շահեկանորեն ներկայացնելու հնարավորության: Այդ ամենին, իրոք, կարելի է ըմբռնումով մոտենալ, եթե խոսքն ավանդական կուսակցություններին չվերաբերվի: Այս պարագայում` ՀՅԴ նախագահական թեկնածուն գրանցում է ճարտարարվեստի եւ քաղաքամարտի չտեսնված ռեկորդներ:
Հայհոյելով ընդդիմությանը, մասնավորապես ԼՏՊ-ի ծայրահեղական կոչերը` համեմված կախաղանների եւ զոհերի մասին, ընկեր Վահանն ինքը բացառում է որեւէ համագործակցություն եւ դաշնակցություն` հայտարարելով. ՙԵս գնում եմ մինչեւ վերջ՚: Ակնհայտ է, որ ՀՅԴ-ն փորձում է այրել բոլոր կամուրջները իր գործընկեր կուսակցությունների` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ` առավել հաճոյանալու Սփյուռքի իր կուսակիցներին, ավելի ճիշտ` երաժշտություն պատվիրողին եւ ֆինանսավորողին:
Նախ` ընկեր Վահանը հայտարարեց, թե ինչու պետք է ժողովուրդը ընտրի ներկայի Սերժ Սարգսյանի եւ անցյալի Լեւոն Տեր-Պետրոսյանի¤ միջեւ` հստակ իրեն տարանջատելով ներկայից եւ ՙամպոտ ոտքերով՚ փորձելով առաջ քայլել դեպի ապագա:
Երկրորդ, հույսը դնելով մարդկանց միամտության վրա` ուղղակի հայտարարում է, թե ՙընդդիմության ներկայացուցիչը ես եմ՚: Խեղճ ժողովուրդ, հիմա արդեն լրիվ կշվարեն, թե ով է իշխանություն եւ ով է ընդդիմություն: Եթե իր դաշնակցական մարզպետներով, նախարարներով, ՀՀ ԱԺ փոխնախագահով, ՀՀ ԱԺ հանձնաժողովների նախագահներով եւ այլ պաշտոններով ՀՅԴ-ն իշխանություն չէ, այլ ընդդիմություն է, ուրեմն ժամանակն է լուրջ փոփոխություններ մտցնել համայն մարդկության պատկերացումների եւ մարդկային տրամաբանության մեջ: Կամ` հրաժարվել եւ տրամաբանությունից, եւ հիշողությունից:
Ի դեպ, պատմության եւ հիշողության մասին: Ընկեր Վահանի խոսքերով, հակադաշնակցական քարոզչության ավելի արդիական հիմքեր չունենալով` Հ1-ով շարունակաբար սկսել են ցուցադրել ՙՆվագախմբի տղաները՚, ՙՍարոյան եղբայրներ՚, ՙԶանգեզուր՚, ՙՍեւանի ձկնորսները՚ ֆիլմերը: Դրանով նախագահացուն փորձում է ոչ միայն ստվեր գցել հայկական կինոյի գլուխգործոցների վրա, այլեւ համարձակվում է օգտագործել ՙՆժդեհին են ծաղրում՚ արտահայտությունը
Ստիպված ենք թարմացնել ընկեր Վահանի եւ իր հնարավոր համակիրների ու հովանավորների հիշողությունը եւ հիմնավորել, որ ոչ միայն ֆիլմերով եւ երիտթուրքերի հետ համագործակցությամբ են փաստվել ՀՅԴ ապազգային դրսեւորումները. դրանք առկա են նաեւ մեր օրերում:
Հիշեցնենք նաեւ, որ նրանք, ովքեր կփորձեն մեղադրել Հայաստանի իրավապահ մարմիններին հնարավոր կողմնապահության մեջ, արժե ծանոթանալ օրենքի գերակայության երկիր ԱՄՆ-ում թմրաբիզնեսի եւ զենքի ապօրինի առեւտրի եւ այլ ծանրագույն մեղադրանքներով դատապարտված եւ մինչ օրս ազատազրկման մեջ գտնվող ՀՅԴ համաշխարհային կառույցի բարձրագույն մարմնի անդամ Մուրադ Թոփալյանի քրեական գործի մանրամասներին: Իսկ նման գործեր, ինչպես հայտնի է, աշխարհի այլ երկրներում եւս եզակի չեն: Դրանք, ի դեպ, ոչ մի առնչություն չունեն թուրք դեսպաններին ահաբեկելու կամ հայկական բանակին զինամթերք մատակարարելու հետ, որոնք ՀՅԴ բանահյուսության սիրված թեմաներն են:
Հիշեցնենք, որ կոռուպցիայի, ստվերի եւ այլ անընդունելի երեւույթների դեմ ՙպայքարող՚ ՀՅԴ-ն ինքը կարիք ունի հաշվետու լինել իր ժողովրդին, թե այդ ի±նչ փողեր են լվացվում եւ օգտագործվում այս եւ այլ ընտրությունների ժամանակ: Ո±ւր են նայում երկրի հարկային մարմինները, երբ որեւէ ֆինանսական ստուգում այս կառույցում այդպես էլ չի եղել երկրի անկախացումից ի վեր: Իսկ գործող օրենսդրությամբ պարտավոր են բոլորը հաշվետու լինել իրենց ընտրարշավի համար օգտագործվող գումարների աղբյուրների մասին ¥այդ թվում` արտաքին¤:
Հիշեցնենք քարոզարշավի ընթացքում գրեթե ամեն օր շահարկվող կոռուպցիայի դեմ պայքարող ընկեր Վահանի եւ իր թիմակիցների իրական դեմքերը: Բոլորին քաջ հայտնի ՙէներգետիկայի ոլորտում չարաշահումների հարցերով զբաղվող ՀՀ ԱԺ հանձնաժողովի՚ գործունեությունը տապալեց ոչ այլ ոք, քան հենց ՀՅԴ-ն: Բազմիցս կոռուպցիայի եւ կաշառակերության մասին աղաղակող ահազանգեր են հրապարակվել` կապված Արագածոտնի նախկին եւ ներկայիս, Շիրակի դաշնակցական մարզպետներ Հ. Կարապետյանի, Գ. Գյոզալյանի եւ Ռ. Մանուկյանի պաշտոնավարության հետ: Նույնը կարելի է ասել երկրի կրթության եւ գիտության եռակի նախարար Լ. Մկրտչյանի մասին, որը, սակայն, հասցրել է ավելի մտերմանալ երկրի ոչ դաշնակցական ղեկավարների հետ, իսկ այս օրերին ակնհայտորեն խուսափելով մասնակցելու ընկեր Վահանի քարոզարշավին` տեսադաշտից լրիվ կորել է: Նրան եւ իր կուսակիցներին պատկանող բաղնիքների, գիշերային ակումբների, շուկաների, ռեստորանների, դաշնակցականի կերպարին անհարիր այլ ՙօբյեկտների՚ մասին երկար-բարակ նկարագրությունների կարիքը չկա: Ժողովրդին դրանք վաղուց են հայտնի:
Ավել
Ինչ վերաբերում է ժողովրդի քվեներով ընտրվելու հավանական սցենարին, ապա կարիք կա նույնպես հիշեցնել, որ ժամանակին մի կերպ` կեղծիքներով Նոր Նորքում 1998թ. ՙընտրվելուց՚ հետո, ընկեր Վահանը մյուս երկու ընտրություններում գերադասել է ՀՀ ԱԺ խցկվել միայն ցուցակներով: Ինքներդ դատեք. Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռին հավակնող անձը համարձակություն չի ունեցել անգամ մեծամասնական կարգով իր թեկնածությունը ներկայացնել բազմաթիվ ընտրատարածքներից որեւէ մեկում:
Ի դեպ, կարեւոր է հիշեցնել, որ ՀՅԴ-ն Հայաստանում ունի ընդամենը 4-5 հազար կուսակցական: Այդ ինչպե±ս է հասցրել ընկեր Վահանի քարոզչախումբը հավաքել 170.000 ստորագրություն` օրենքով եւ տրամաբանությամբ անհասկանալի ՙընտրական պայմանագիր՚ կոչվածով, մնում է առեղծված: Վստահ ենք, որ նման քանակությամբ քվեներ մարդիկ չեն տա ընկեր Վահանին, որից հետո ՀՅԴ-ին կմնա կա°մ ժողովրդին մեղադրել անպարկեշտության մեջ, կա°մ էլ նախապես մեղադրանք պատրաստել ԿԸՀ-ի դեմ:
Էլի շատ բան կարելի է հիշեցնել ՙընդդիմադիր՚ ընկեր Վահանին եւ նրան համակ ուշադրությամբ եւ վստահությամբ հետեւող հնարավոր ընտրողներին: Այն, որ Սփյուռքի ՀՅԴ-ն եւ Հայաստանի ՀՅԴ-ն հայրենասիրության, սկզբունքայնության եւ այլ առումներով քիչ առնչություն ունեն իրար հետ: Այն, որ հենց այդ տարբերությունների եւ շատերի աչքերում ՀՅԴ վարկանիշն այս տարիների ընթացքում շեշտակի գցելու համար Սփյուռքի դաշնակցականները, հնարավորության դեպքում, կամ հաշվեհարդար կտեսնեին, կամ բանտ կնստեցնեին իրենց կուսակիցներից շատ-շատերին առաջին հերթին` ՀՅԴ ղեկավար ընկերներին:
Այն, որ... Սակայն այս ամենն այնքան կարեւոր չէ, որքան հետեւյալ էական դիտարկումը. ի±նչ է մնացել երբեմնի ՀՅԴ-ից: ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ: Առաջին բառը` հայ, այսինքն` ազգային բնորոշիչը մնացել է միայն Հայ Դատին, այն էլ` Սփյուռքում: Հեղափոխականության անգամ նշույլ չի մնացել ո°չ Հայաստանում, ո°չ Սփյուռքում: Իսկ դաշնակից բառը ՀՅԴ-ի համար կարծես լրիվ կորցրել է իր իմաստը եւ դարձել մերժելի: Ոչ մեկի հետ դաշնակից դառնալ ՀՅԴ-ն կարծես չի էլ պատրաստվում: Իսկ եթե նախկինում իշխանության կերակրատաշտից օգտվել է կոալիցիայի մեջ ընդգրկվելով, ապա այսօր հանգիստ խղճով դավաճանում է նրանց եւ կողք քաշվում, կարծես ինքը ոչնչի մասնակից էլ չի եղել: Մի կարեւոր հանգամանք եւս: ՀՅԴ-ն դավանում է ընկերվարական, ասել է թե` սոցիալիստական կոչվող գաղափարախոսություն: Ե±րբ եք տեսել, որ նման գաղափարներ քարոզի ՙընդդիմադիր՚ ընկեր Վահանը: Դա կարծես իրենց համար ամոթալի է: Մարդիկ դավաճանում են անգամ գաղափարախոսությանը: Օրինակներ, որքան ասես. սկսած բաշխիչ ցանցերի մասնավորեցմանը ՀՀ ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության կողմ քվեարկելուց, վերջացրած իշխանական այլ աջ-լիբերալ ուղղվածության ծրագրերին մասնակցությամբ:
Այսպիսով, հիշողության կորստով տառապողներին արժե ժամանակ առ ժամանակ հիշեցնել սեփական ակունքներն ու հետագիծը: Մնացածը թողնում ենք ընթերցողին:

