Home

Previous Entry | Next Entry


Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը երեկ հրապարակել է մի հոդված, որը նվիրված է Հայաստանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններին: Այստեղ եւս, ինչպես վերջին շրջանում ռուսական մամուլում տպագրված մի շարք հոդվածներում, արձանագրվում է, որ մինչեւ վերջերս Հայաստանում ստեղծված նախընտրական գործընթացը միանգամայն կանխատեսելի էր, եւ ամեն ինչ խոսում էր նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակի անխուսափելիության մասին: Պարբերականը նշում է, որ օգտվելով փաստացի անսահմանափակ ֆինանսական եւ վարչական ռեսուրսներից ու ստանալով Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը` Սերժ Սարգսյանը հեշտ հաղթանակ էր ակնկալում, սակայն Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն ամբողջությամբ փոխել է ուժերի դասավորությունը: Հոդվածագիրը դա բացատրում է հետեւյալ կերպ. նախեւառաջ Տեր-Պետրոսյանը խարիզմատիկ եւ ճարտար հռետոր է, որը իր հրապարակային ելույթների ժամանակ կարողանում է գրավել տասնյակ հազարավոր մարդկանց ուշադրությունը: Եւ երկրորդ, Տեր-Պետրոսյանը պետական բյուրոկրատիայի շրջանում, ուժային եւ այլ կառույցներում մեծ հարգանք է վայելում, նրան պաշտպանելու մասին հայտարարել են Ղարաբաղյան պատերազմի վետերանների մեծ թվով ազդեցիկ կազմակերպություններ: Այդ հանգամանքը նկատի առնելով` հոդվածագիրը նշում է, թե շատ վերլուծաբաններ կասկածում են, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած բողոքի ակցիաները բռնությամբ ցրելու հրաման ստանալու դեպքում` ուժային կառույցները կկարողանան կատարել այն: Նշվում է, որ իրավապահ մարմինների շատ աշխատակիցներ քաջ գիտակցում են, որ երկրում իրավիճակը կտրուկ կերպով փոխվում է, եւ այժմ իրենք այլեւս պատրաստ չեն կատարել վերեւից արձակված հակաօրինական հրամանները: Հոդվածագիրը ընդգծում է, որ երկիրը արդիականացնելու եւ կոռուպցիոն համակարգը ապամոնտաժելու վերաբերյալ Տեր-Պետրոսյանի առաջարկները մեծ ժողովրդականություն են ձեռք բերում: Պարբերականը որպես օրինակ բերում է հունվարի 22-ին Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կազմակերպած երթը, երբ «չնայած սաստիկ սառնամանիքին` ավելի քան 100 հազար ցուցարարներ, «Լեւոն, նախագահ» վանկարկելով, շրջել են Երեւանի փողոցներով»:

Հոդվածագիրը նաեւ նշում է, որ ի դժբախտություն իշխանությունների` Տեր-Պետրոսյանը, ըստ էության, ավելի շատ դարձել է համազգային, քան պարզապես ընդդիմության թեկնածու: «Կոմսոմոլսկայա պրավդան» նշում է, որ մայրաքաղաքում քաղաքական մթնոլորտի փոփոխությունը հանգեցրել է նաեւ հեռավոր շրջանների ակտիվացմանը, եւ իրավիճակը երկրում արմատապես փոխվել է: Գործող իշխանությունների ամենակարողության, ընտրությունների արդյունքների կանխորոշված լինելու մասին առասպելները գրեթե հօդս են ցնդել, եւ շատ քաղաքացիներ սկսում են հասկանալ, որ իրենք կարող են ազդել քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացի վրա: Հոդվածի հեղինակը ափսոսանք է հայտնում, որ այդ գործընթացն առայժմ ամբողջությամբ չի ընկալվել Ռուսաստանում, ուր որոշները` իներցիայով, իսկ մյուսները ոչ անշահախնդրորեն նշում են, թե Սերժ Սարգսյանի հաղթանակը լուծված հարց է: Սակայն օրեցօր ակնհայտ է դառնում, որ ուժեղ քարոզչությունը եւ «իշխանության թեկնածուի» շահերի անթաքույց պաշտպանությունը, որն իրականացվում է նաեւ ՌԴ-ում, բացի հակակրանքից, ոչինչ չեն առաջացնում: Հոդվածագրին մտահոգում է այն փաստը, որ Քոչարյանի եւ Սարգսյանի ռեժիմը կարող է հետեւել Միխայիլ Սահակաշվիլիի օրինակին, գնալ զանգվածային կեղծիքների, «այլախոհների» նկատմամբ ուժային եւ վարչական ճնշման` հույս ունենալով, որ կեղծված ընտրությունները արտաքին աջակցության շնորհիվ կարող են լեգիտիմ ճանաչվել: «Եւ եթե նման բան տեղի ունենա, եւ Ռուսաստանը պաշտպանի ժողովրդի վստահությանը չարժանացած ռեժիմը, ապա Հայաստանում հակառուսական տրամադրություններ առաջ կգան: Ուստի սեփական աշխարհաքաղաքական շահերից ելնելով` Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի արդար ընտրությունների անցկացման հարցում»,- եզրակացնում է հոդվածի հեղինակը: Պարբերականը նշում է, թե Հայաստանի գործող իշխանությունների փորձերը` Մոսկվային համոզել, թե Տեր-Պետրոսյանի իշխանության գալը կարող է բացասաբար անդրադառնալ երկու երկրների հարաբերությունների վրա, տարակուսանք են առաջացնում, քանի որ ՀՀ առաջին նախագահը գործով ապացուցել է, որ հանդիսանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման, անվտանգության ոլորտում փոխգործակցության խորացման եւ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման կողմնակիցը: «Իսկ հայ-ռուսական երկարատեւ հարաբերությունները պետք է հայաստանյան ինչ-որ քաղաքական խմբավորման շահերից վեր դասվեն»,- եզրափակում է «Կոմսոմոլսկայա պրավդայի» հոդվածագիրը: