Կոտայք
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի երեկվա օրը, ըստ ամենայնի, կհամարվի բեկումնային: Երեկ Տեր-Պետրոսյանը եղավ Կոտայքի մարզում, հանրահավաք անցկացրեց Չարենցավանում եւ Հրազդանում, հանդիպումներ ունեցավ Ալափարս, Արզական, Բջնի, Սոլակ, Մեղրաձոր գյուղերում: Տեղի ունեցավ եւս մեկ` չնախատեսված հանդիպում Աղավնաձոր գյուղում. մի խումբ աղավնաձորցիներ փակեցին Մեղրաձոր ուղեւորվող ավտոշարասյան ճանապարհը եւ առաջին նախագահին հրավիրեցին իրենց գյուղ, ուր տեղի ունեցավ կարճ հանդիպում: Իսկ երեկվա օրը բեկումնային կարելի է համարել երկու առումով. նախ առաջին նախագահի կոնտակտը ժողովրդի հետ գնալով ավելի անմիջական է դառնում, եւ հետո` նրա նկատմամբ հանրային հետաքրքրությունն էլ ավելի է մեծանում: Երեկ վերը նշված բոլոր բնակավայրերում տեղի ունեցան շատ ջերմ հանդիպումներ, եւ նկատելի էր, որ այս փուլում մարդիկ Տեր-Պետրոսյանին ընկալում են ոչ միայն կամ ոչ այնքան որպես առաջին նախագահ, այլ որպես մի գործիչ, ով ի վիճակի է հաղթել ներկա ռեժիմին: Եւ ահա, այսպիսի գործչի ներկայությունը մարդկանց ստիպում է ցուցադրել, ազատություն տալ օրվա իշխանությունների նկատմամբ տածած ատելությանը: Սա թերեւս այն ալգորիթմն է, որի օգնությամբ աչքի առաջ վերանում է վախի մթնոլորտը: Երբ մարդը տեսնում է, որ կա մեկը, ով ի վիճակի է տեր կանգնել իր ձայնին, ի վիճակի է հաղթել Սերժին, ահա այդ մարդը դառնում է անբռնազբոս, համարձակ, ըմբոստ: Եւ այս պրոցեսի գործնական կիրառումը տեղի ունեցավ երեկ Կոտայքի մարզում:

