Home

Previous Entry | Next Entry


Սիրելի հայրենակիցներ,

Իմ բազմաթիվ սխալների շարքում ամենամեծը, թերեւս, այն էր, որ ես հրաժարական տվեցի փետրվարի 3-ին, ինչի պատճառով ընտրարշավը համընկնում է այսքան ցուրտ շրջանի. եթե իշխանությունից հրաժարվեի ապրիլին կամ մայիսին, ապա ձեր վիճակը շատ ավելի բարվոք կլիներ։ Մեղքս մասնակիորեն քավելու համար` այսօր ձեզ չեմ ձանձրացնի երկարաշունչ ելույթով՝ բավարարվելով ընդամենը մի քանի հակիրճ դատողություններով։

Այսօրվանից մեր պայքարը մտնում է մի նոր հանգրվան, որի նշանաբանը դեռեւս 13-րդ դարում ձեւակերպել է տաղանդավոր պատմիչ Ստեփանոս Օրբելյանը. «Ուր բանքն սպառին, եւ գործքն թագաւորեն», այսինքն` մենք հասել ենք մի շրջադարձային կետի, «որտեղ խոսքերն ավարտվում, եւ տիրում են գործերը»։

Այն, ինչ պիտի ասվեր Հայաստանի ներկա վարչախմբի էության, նրա վերարտադրման կործանարար հեռանկարի եւ դրանից խուսափելու անհրաժեշտության մասին, արդեն ասվել է։ Երեք ամիս շարունակ, իմ ուժերի ներածին չափով, ես փորձել եմ ձեզ ապացուցել, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը գող, ավազակ, հակաժողովրդական իշխանություն է, որի հանցավոր գործունեության հետեւանքով Հայաստանը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ թե՛ սոցիալական առումներով մատնվել է թշվառագույն վիճակի։ Փորձել եմ ապացուցել նաեւ, որ նրա վերարտադրությունը մեր երկիրը տանելու է անխուսափելի կործանման։ Եւ վերջապես, փորձել եմ ապացուցել, որ այսօր կա՛ այդպիսի տխուր հեռանկարից խուսափելու եւ նորմալ պետություն կառուցելու ռեալ հնարավորություն։

Այդ հնարավորությունը խարսխված է այն ակնհայտ իրողության վրա, որ քոչարյանասերժական վարչախումբը ժողովրդի համար ատելի, անհարազատ, օտար իշխանություն է, որի դավանած բարոյական արժեքները որեւէ կապ չունեն ո՛չ մեր ազգային հոգեբանության, ո՛չ էլ Հայաստանի եւ անգամ Արցախի իրական շահերի հետ։ Եսակենտրոն այդ վարչախմբի գոյության միակ իմաստը իշխանական բուրգի եւ նրա սպասավորների գերհարստացումն է՝ ի հաշիվ օտար զանգված դիտվող ժողովրդի բարեկեցության եւ արժանապատիվ կյանքի։

Սերժ Սարգսյանը Հայաստանում որեւէ հենարան կամ ընտրազանգված չունի։ Իր ամբողջ հույսը նա դրել է վարչական լծակների, ընտրակեղծիքների, բռնարարքների եւ ընտրակաշառքի վրա։ Բայց դրանք, որքան էլ դժվարին թվացող, այնուամենայնիվ, միանգամայն հաղթահարելի խոչընդոտներ են։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի կամք, ինչպիսի վճռականություն, անձնազոհության ինչպիսի պատրաստակամություն կդրսեւորի ձեզանից յուրաքանչյուրը։ Անձամբ ես եւ իմ տասնյակ հազարավոր կողմնակիցները պատրաստ ենք մատուցել մեր անմնացորդ ծառայությունը ազգային-ազատագրական պայքարի նվիրական գործին։ Պատրաստ ենք, հանուն Հայաստանի լուսավոր ապագայի, լարել մեր ողջ ուժերը, ներդնել մեր բոլոր ջանքերը, ենթարկվել ցանկացած զրկանքի ու զոհողության՝ ներշնչված քսաներեքամյա մի հանճարեղ բանաստեղծի աստվածային քնարերգությամբ. 

Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն՝ վերջի՜ն քնար. -
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու։
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի -
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի։
Կանգնել են, լուռ, իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու։
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող։
Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ -
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա։
Եւ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան -
Ու լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց - մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտեր երկու։
Գուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի...
Երթամ հիմա։ Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով, -
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ -
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
շ
Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր...

Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եւ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա, -
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա... 

Հայոց քնարերգության այս անգերազանցելի գլուխգործոցը, որն արժանի է անգիր արտաբերվելու յուրաքանչյուր հայի շուրթերից, հեղինակել է անմահ նահատակ Եղիշե Չարենցը դեռեւս 1920 թվականին։ Եթե Շարժման նվիրյալներից բացի, ինքնազոհության չարենցյան ոգին համակի նաեւ մեր ողջ ժողովրդին, ապա ոչ մի ամբարիշտ ուժ, ոչ մի արգելք չի կարող կասեցնել մեր հաղթական երթը, եւ քոչարյանասերժական ողորմելի վարչախումբը կնետվի պատմության աղբանոցը։

Փետրվարի 19-ի ընտրությունները, ամեն ինչից զատ, նաեւ մի այլ, խորհրդանշական իմաստ են պարունակում: Նրանք ձեզ հնարավորություն են տալիս ոչ միայն սեփական ձեռքերով կերտելու մեր երկրի ապագան, այլեւ ամոքելու այն խորագույն վիրավորանքը, որ դուք ապրել եք 1998 թվականին, երբ ձեզանից կորզեցին Կարեն Դեմիրճյանի հաղթանակը, այն խորագույն վիրավորանքը, որ դուք ապրել եք 2003 թվականին, երբ ձեզանից կորզեցին Ստեփան Դեմիրճյանի հաղթանակը: Ուստի, փետրվարի 19-ը լինելու է ոչ միայն իմ, այլեւ Կարեն Դեմիրճյանի, Ստեփան Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հաղթանակը:

Կեցցե՛ իր արժանապատվությունը վերանվաճելու ելած հայ ժողովուրդը։
Կեցցե՛ մեր արդար եւ սրբազան պայքարը։
Աստված մեզ օգնական։

Comments

[info]countrev wrote:
Jan. 24th, 2008 09:26 am (UTC)
Սկզբում "Իզվեստիա" թերթի ձախողումն էր, հիմա պայթեց "Հայ
"Ազգ" օրաթերթը գրում է, որ քողազերծվել է ՀՀՇ-ական փիառ-աստների հերթական մեքենայությունը: Հունվարի 23-ին հայաստանյան թերթերից մեկը արտատպել էր ռուսական հեղինակավոր «Զա ռուբեժոմ» պարբերականում լույս տեսած «Հայաստան` նախընտրական իրավիճակ» հոդվածը: Ու, քանի որ մեր օրաթերթը մշտապես հետեւում է արտասահմանյան մամուլում Հայաստանին վերաբերող թեմաներին, մենք փորձեցինք գտնել վերոնշյալ նյութը «Զա ռուբեժոմ» պարբերականի ինտերնետային էջում` www.gazetasng.ru: Չգտնելով, դիմեցինք կայքի պատասխանատուներին եւ, ի զարմանս մեզ, արձագանքը շատ արագ էր:

Ստորեւ ներկայացնում ենք պատասխանը` առանց մեկնաբանության:

«Զա ռուբեժոմ» թերթի կայքէջի խմբագրությունը հաղորդում է, որ «Հայաստան. նախընտրական իրավիճակ» հոդվածը «Դմիտրի Օրլով» ստորագրությամբ լույս է տեսել այս տարվա հունվարի 22-ին բլոգերում, որտեղ ընթերցողներն արտահայտում են իրենց անձնական կարծիքը թեմաների ամենալայն սպեկտրով:

Ո՛չ կայքէջերում, ո՛չ էլ տպագրված տարբերակում այս օրերին նյութեր Հայաստանի նախընտրական արշավի վերաբերյալ լույս չեն տեսել:

Հայաստանի ո՛չ մի լրատվական միջոց եւ ո՛չ մի մասնավոր անձ չի դիմել «Զա ռուբեժոմ» թերթի խմբագրությանը՝ մեկնաբանություններ ստանալու համար կամ թույլտվություն, այդ թեմաներով նյութեր տպագրելու համար:

«Զա ռուբեժոմ» կայքէջի գլխավոր խմբագիր

ՊԵՐԵՎԵՐՏԵՆ ՆԱՏԱԼՅԱ

Հ.Գ. Փաստորեն այս ամենը մեր թերթի երեկվա համարում հրապարակված հոդվածի տրամաբանության մեջ է, այն է` կեղծիքի վրա հիմնված քարոզչություն, ՀՀՇ «պիարշիկների» անշնորհք գործ:
[info]ltp2008 wrote:
Jan. 30th, 2008 01:50 am (UTC)
Լեւոն-էֆենդու ելույթը
Ատելի հայրենակիցներ,

Իմ բազմաթիվ ստորությունների շարքում ամենամեծը, թերեւս, այն է, որ ես, լինելով սոսկ մի նողկալի դավաճան, այս աստիճանի լկտի եմ ինձ պահում ընտրարշավում: Շատ մի՛ զարմացեք, ատելիներս. չէ՞ որ դա բնորոշ է բոլոր վասակներին ու մերուժաններին, որոնց փառավոր գործը շարունակելու պարտքը այսօր ինձ վրա է դրված: Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորած հակաժողովրդական իշխանությունը ինձ նման խղճուկ, վախկոտ ու փոքրոգի, ի սկզբանե պարտված տխմարին է իրենց հիմնական հակառակորդ ներկայացնում, որի համար ես խորապես երախտապարտ եմ զգում իմ այս երկու բարերարների նկատմամբ: Միացյալ մոնղոլ-թաթարական ուժերով մենք կդիմագրավենք վազգենա-դաշնակցական ահավոր վտանգը, թույլ չենք տա այդ ողորմելիներին այլեւս օգտագործել այնպիսի հետամնաց ու հակաժողովրդական բառեր, ինչպիսիք են «Արցախ», «Եղեռն» եւ այլն:

Ատելի հայրենակիցներ, այսօր ձեզ չեմ ձանձրացնի երկարաշունչ ելույթով՝ բավարարվելով ընդամենը մի քանի հակիրճ դատողություններով։ Այսօրվանից մեր պայքարը մտնում է մի նոր հանգրվան, որը ձեւակերպել է վերջերս անհայտ մի ԺԺ-հայ.

«Ապա Լեւօնն էֆենդի ինքնակամ ձեռս տուեալ ի թշնամեացն Հայոց, եւ զօրէնս Մասոնացն յանձն առեալ էր, եւ ուրացեալ զԱրցախն բնիկ Հայոց, եւ մեծամեծ չարիս անցուցեալ էր ընդ երկիրն Հայոց, եւ տակավին էր նա առ սուլթանին թուրքաց եւ մագիստրոսին օթեակաց»:

Անձամբ ես եւ իմ տասնյակ կողմնակիցները պատրաստ ենք մատուցել մեր անմնացորդ ծառայությունը թուրքական նվիրական գործին։ Պատրաստ ենք, հանուն եղբայրական Ադրբեջանի լուսավոր ապագայի, լարել մեր ողջ ուժերը, ներդնել մեր բոլոր ջանքերը եւ ծախել Արցախը, ենթարկվել ցանկացած զրկանքի ու զոհողության՝ ներշնչված Իլխամ Ալիեւի ամանօրյա բարեկամական ուղերձով: Այս անգերազանցելի գլուխգործոցը արժանի է անգիր արտաբերվելու յուրաքանչյուր հայի շուրթերից...

Կեցցե՛ իր հիշողությունը կորցրած հայ ժողովուրդը։
Կեցցե՛ մեր մոլի դավաճանական պայքարը։
Կեցցե՛ն ցուրտն ու խավարը:
Թուրքական յաթաղանը մեզ օգնական: