ՁԱՅՆԵՐ ՄՈՒՐԱԼԸ ՍԵՐԺԻ ԳՈՐԾՆ Է
ՀՀ հիմնադիր նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի առաջին իսկ օրը, որը նշանավորվեց Շիրակի եւ Արագածոտնի մարզ կատարած այցելություններով, կարելի է բնութագրել ընդամենը մեկ բառով` ֆուրոր:
Առաջին նախագահի առաջին կանգառը Պեմզաշեն գյուղում էր, որից հետո բազմամարդ հանրահավաք տեղի ունեցավ Արթիկում: Այնուհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ առաջիկա նախագահական ընտրություններում նրան սատարող քաղաքական ուժերի ներկայացուցիչները եղան Մանթաշ գյուղում, Ծաղկահովիտում, չնախատեսված այցեր եղան մի քանի այլ գյուղեր, այնուհետեւ հանրահավաք Ապարանում եւ Աշտարակում: Չնախատեսված այցերն իսկապես անակնկալ էին քարոզարշավի մասնակիցների համար: Մի քանի գյուղերի մոտ բնակիչները, նախօրոք իմանալով առաջին նախագահի երթուղին, արդեն սեղան էին գցել ու սպասում էին Տեր-Պետրոսյանին: Ընդ որում, այնքան ակտիվ էին, որ ո՛չ առաջին նախագահին, ո՛չ էլ նրան սատարող ուժերի ներկայացուցիչներին ասելու բան չէր մնում: Մարդիկ իրենք էին ասում, որ նահանջելու իրավունք չունեն, քանի որ երկիրն անդունդի եզրին է, որ Տեր-Պետրոսյանը հաղթելու է առաջին փուլով, որ եթե իշխանությունը փորձի ընտրակաշառքներով գողանալ իրենց ապագան, իր արժանի պատիժը կստանա եւ այլն: Առաջին նախագահի այդ հաղթարշավն ակնհայտորեն անհանգստացրել էր իշխանության ներկայացուցիչներին: Արդեն Արթիկում ոստիկանները, մեքենաների մեջ նստած, գրի էին առնում նախագահին ուղեկցող մեքենաների համարները: Ծաղկահովիտ գյուղում երեկ բացված նախընտրական շտաբը հենց նույն օրը փակել էին: Քուչակ գյուղում 3 հոգի «Վիլիսից» իջան ու փորձեցին սադրանք հրահրել: Ու քանի որ չստացվեց, նրանք հեռանալուց հետո հասցրել էին ծեծի ենթարկել երկու կնոջ: Աշտարակում պոկել էին տվել առաջին նախագահի նախընտրական պաստառները: Տեր-Պետրոսյանին խանգարելու` իշխանությունների բոլոր ջանքերը, սակայն, հակառակ էֆեկտն ունեցան: Ծաղկահովիտում, ուր բացվելու իսկ օրը փակվել էր Տեր-Պետրոսյանի շտաբը (հանրապետական գյուղապետը մի քանի կողպեք էր դնել տվել շտաբի դռան վրա), առաջին նախագահին դիմավորեցին եռագույնը ձեռքներին ձիերի վրա նստած երիտասարդները: Գյուղամիջում հավաքվածները, որոնք խիստ ակտիվ էին, պնդում էին, որ ամբողջ գյուղով ընտրելու են առաջին նախագահին: Քուչակի դեպքից հետո հենց հաջորդ գյուղում` Ափնագյուղում, գյուղացիները ոչխար մորթեցին նախագահի ոտքերի առաջ: Չնախատեսված հանդիպումներից մեկը Արագածում էր, ուր հիմնականում ազգությամբ եզդիներ են ապրում: Ու չնայած այն հայտարարությանը, թե եզդիներն առաջիկա ընտրություններում սատարելու են Սերժ Սարգսյանին, այս գյուղի եզդիները հավաստիացնում էին, որ իրենք բոլորն ընտրելու են Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իսկ արդեն Աշտարակում` անմիջապես Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մոտ, ուր տեղի ունեցավ երեկվա վերջին հանրահավաքը, մարդիկ այնքան ակտիվ էին, որ երբեմն անգամ երեւանյան հանրահավաքների ժամանակ չի լինում:
«Որքան էլ հիմա փորձեն ներկայացնել, թե իշխանության հարցը լուծված է խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այդպես չէ: Դժվար է գերագնահատել առաջիկա նախագահական ընտրությունների դերն ու նշանակությունը մեր հետագա ընթացքի համար: Դրանք շանս են տալիս մեր երկրում հասնել իրական փոփոխությունների: Իսկ այն, որ փոփոխություններ ուզում է մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը, կարծում եմ` ակնհայտ է: Իշխանությունների հույսը ձայներ գնելն է: Բայց մարդու արժանապատվությունը ո՛չ 50 դոլար արժե, ո՛չ 100 դոլար: Եւ ես համոզված եմ, որ միասին մենք հաղթելու ենք` հանուն մեր երկրի արժանապատվության, հանուն մեր ապագայի»,- Արթիկում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասում էր ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող մյուս քաղաքական ուժի լիդերը` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, բոլոր երեք քաղաքներում տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ պատմեց, որ մարդկանց հետ իր բազմաթիվ հանդիպումների ժամանակ, երբ ուզում է պարզել, թե ինչու են ցանկանում ընտրել Լեւոն Տեր-Պետրոսյանին, ստանում է հիմնականում հետեւյալ պատասխանը. «Որովհետեւ նա իմաստուն գործիչ է»: Իսկ երբ հանրահավաքի մասնակիցներին խնդրում էր մեկ բառով ասել, թե ինչպիսի գործիչ է Սերժ Սարգսյանը, մարդկանց շարքերից հայհոյախառն բառեր էին լսվում:
Մի խոսքով, տպավորությունն այնպիսին էր, որ մարդիկ անգամ Սերժ Սարգսյանի նկարների ընտրության վայրով են արտահայտում իրենց վերաբերմունքը նրա հանդեպ: Իսկ առավել ակնառուն մարդկանց ընդգծված ատելությունն էր Սերժ Սարգսյանի դեմ: Հետաքրքիր է, որ բոլոր բնակավայրերում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ ինքը չի եկել ձայներ խնդրելու կամ մուրալու: «Դա Սերժի գործն է»,- Արթիկի հանրահավաքի ժամանակ ընդգծեց առաջին նախագահը: «Այն, ինչ տեղի ունեցավ 88-ին, կրկնվում է նաեւ այսօր, որովհետեւ մենք, դժբախտաբար, ստիպված ենք 2 անգամ ազգային-ազատագրական պայքար մղել: Այսօրվա պայքարը նույնպես ազգային-ազատագրական է, որովհետեւ այն իշխանությունը, որ այսօր կա, հայկական իշխանություն չէ: Դա օտար իշխանություն է, որին խորթ են մեր հոգսերը, մեր մշակույթը, մեր հազարամյա պատմությունը: Նրանց գոյության միակ իմաստը գերհարստացումն է, ավազակապետական բուրգի ստեղծումը, որը նրանք այսօր սպառնում են եւս 10 տարի փաթաթել մեր վզին: Ես գիտեմ, իմ իշխանության օրոք ես չեմ արդարացրել ձեր բոլոր հույսերը, եղել են հիասթափություններ, եղել են դժգոհություններ, քննադատություններ: Ես այդ ամենն ընդունում եմ եւ եթե այդտեղ մեղք ունեմ, ներողություն եմ խնդրում իմ մեղքի համար: Ես տվել եմ իմ բացատրությունները: Որքան հնարավոր է, ես կարողացել եմ իմաստավորել անցյալը: Գուցե այդ բացատրությունների մի մասը դեռեւս ձեզ չի բավարարել, բայց ավելին չեմ կարող ասել, ես ասել եմ այն, ինչ գտնում եմ` ճշմարիտ է: Դուք եք որոշողը, ես չեմ եկել ձայն խնդրելու, ձայն մուրալու, դա Սերժի գործն է, որովհետեւ նա իրականում ձայն չունի»,- արթիկցիներին ասում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Մանթաշում եւ Ապարանում նախագահը ծաղիկներ դրեց զոհված ազատամարտիկների հուշարձաններին:
Ամենաակտիվը, սակայն, երեկ Աշտարակում տեղի ունեցած հանրահավաքն էր: Ի դեպ, այստեղ էր նաեւ մշակույթի հայտնի գործիչ Երվանդ Մանարյանը: «Շատերին զարմացնում է, թե դերասան մարդը, ալամեզոնը ինչ գործ ունի քաղաքականության հետ: Բայց ուրիշ ելք չկա, որովհետեւ եթե ես ոչ մեկի առաջ պատասխանատու չեմ, պատասխանատու եմ թոռներիս առաջ: Ես ուզում եմ, որ նրանք ազատ, հանգիստ, մարդավարի կյանք ունենան իրենց պապերի երկրում: Սա խոստովանություն է, որ անում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայությամբ. ես այն առաջին եւ միակ մարդն եմ, որ գեղարվեստական գրականությամբ խիստ քննադատել եմ այն շրջանը, որի առաջին իշխանավորն է եղել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Գրել եմ պիես, որը բեմադրվել է Սունդուկյանի անվան թատրոնում: Բայց ես իմ խղճի առաջ կանգնած եմ դեմ առ դեմ: Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ: Ես ուզում եմ, որ իմ թոռներն ապրեն մարդավայել, հային վայել կյանքով: Մեր ժողովուրդն արժանի է լավ ղեկավար ունենալու: Կարծում եմ, որ մենք այսօր այդ արժանավոր մարդուն վերադարձնելու խնդրի առաջ ենք կանգնած: Եւ նա, ով այս ընտրություններից հետո տուն կմտնի եւ չի համարձակվի նայել իր երեխաների աչքերին, ուրեմն` նա հայ էլ չէ: Այնպես լինի, որ մտնենք տուն եւ հանգիստ նայենք մեր հարազատների աչքերին եւ ասենք, որ` այո, մեր քաղաքացիական պարտքը մեր խղճի մտոք կատարել ենք»,- ասում էր Երվանդ Մանարյանը: Քարոզարշավի առաջին օրը եզրափակեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Ես չեմ կասկածում, եթե կասկածեի, այս գործի մեջ ընդհանրապես չէի մտնի: Ես չեմ հավատում, որ մեր ժողովուրդը վախեցած է: Չի կարող պատահել, որ այն ժողովուրդը, որ չվախեցավ Գորբաչովի տանկերից, ադրբեջանական ելուզակներից, վախենա 2 ողորմելի, տգետ իշխանավորից: Պարզապես, այս 10 տարվա միակողմանի քարոզչությունը, ժողովրդի կարծիքի բռնաբարումը որոշ հոգեբանական մթնոլորտ է ստեղծել նրանց ամենազորության մասին: Նրանց ամենազորությունը 2 խեղճ կնոջ ծեծն է, որ քիչ առաջ տեղի է ունեցել Քուչակ գյուղում մեր գալուց առաջ: Ահա, սա է Սերժը: Մեր ամբողջ շրջայցերի ընթացքում այսպիսի դեպքերի ենք ականատես եղել: Արթիկում ոստիկանները գրում էին ինձ ուղեկցող մեքենաների համարները: Ի՞նչ կա թաքցնելու: Այդ մարդիկ չեն թաքցնում, այդ մարդիկ իմ կողքին են: Ծաղկահովիտում այսօր բացվել էր իմ շտաբը, հենց այսօր էլ փակել էին: Քիչ առաջ էլ ասացին, որ Աշտարակի պաստառների մի մասը վերացրել են: Եթե այս մեթոդներով եք ուզում պայքարել, ուրեմն` դուք խղճուկ, փոքրոգի, ողորմելի մարդիկ եք: Ինչի՞ց եք վախենում: Մեր արածը խոսք է, միտինգ, ժողովրդի հետ զրույց: Եթե այդ զրույցից եք վախենում, ուրեմն` դուք ամենաթույլ եւ խղճուկ իշխանությունն եք: Եւ մի՞թե մեզ պատիվ է բերում ունենալ նման իշխանություն: Սա մի գող, հանցավոր իշխանություն է, որի իմաստը ոչ թե ժողովրդի հոգսն է, այլ իրենց հարստացումը: Իմ բոլոր ընկերների հետ ես իմ ծառայությունն եմ առաջարկում` ազատվել սրանցից:
Դրա դիմաց ես ձեզ խոստանում եմ արժանի կյանքով ապրելու հնարավորության ստեղծում: 98-ին ընտրելով Կարեն Դեմիրճյանին, 2003-ին` Ստեփան Դեմիրճյանին, դուք պետք է համարեք` այս հաղթանակը մեր երեքի հաղթանակն է, գումարած Վազգեն Սարգսյանի հաղթանակը»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

