Home

Previous Entry | Next Entry

Ետասուլիսյան

  • Jan. 15th, 2008 at 2:28 AM

Եթե երեք ամիս առաջ տեղի ունենար Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի ասուլիսը, կարելի էր պատկերացնել, թե ինչ տեղի կունենար այնտեղ: Եւ  ասուլիսը ցույց տվեց, որ առաջին նախագահի առաջին նախագահական գործունեության հետ կապված հանրության հարցերը սպառվել են կամ սպառվում են: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր նախորդ հրապարակային ելույթներում, փաստորեն, հասցրել է պատասխանել այդպիսի բոլոր հարցերին: Նա որոշակի պատասխան տվեց 1996 թվականի ընտրությունների եւ ՀՅԴ կասեցմանը վերաբերող հարցերին:
Այսպիսով, կարող ենք ասել, որ նախկինում կուտակված օրակարգը սպառված է: Հիմա, փաստորեն, հանրությունը գտնվում է Տեր-Պետրոսյանի տված պատասխանների մարսման փուլում: Եւ եթե ելնենք նրանից, որ հայտնի լրագրող Թաթուլ Հակոբյանին, որը երբեք Տեր-Պետրոսյանի նկատմամբ հիացական վերաբերմունք չի ունեցել, զարմացնում է մարզերում Տեր-Պետրոսյանի ունեցած բարձր վարկանիշը (Հակոբյանը ասուլիսի ընթացքում հարց հնչեցնելիս ասաց, որ օրերս եղել է մարզերից մեկում, եւ ի զարմանս իրեն` Տեր-Պետրոսյանը բավականին բարձր վարկանիշ ունի-խմբ.), նշանակում է` հանրությանը ընդունելի են թվում Տեր-Պետրոսյանի բացատրությունները: Ընդհանրապես, մարդկանց ենթագիտակցության մեջ դեռեւս սեպտեմբերի վերջերին Լեւոն Տեր-Պետրոսյանն ընկալվել է որպես նախագահական ընտրություններում հաղթելու հիմնական հավակնորդ: Բայց եթե այն ժամանակ այդ գնահատականն ավելի շատ խոսակցական-էմոցիոնալ էր, ավելի ճիշտ` վերացական, հիմա արդեն ամեն օրվա հետ նման հնարավորությունը մարդիկ ավելի ռեալ են զգում: Նաեւ այս է պատճառը, որ երեկվա ասուլիսում հարցերի մի հսկայական բլոկը վերաբերում էր նրան, թե ինչպես է Տեր-Պետրոսյանը պատրաստվում պահել իր ձայները: Երեք ամիս առաջ որեւէ լրագրող անպայման կհարցներ` ձեր իշխանության խայտառակ տարիներից հետո արդյո՞ք դուք իրավունք ունեք առաջադրվել նախագահի թեկնածու կամ հավակնել ՀՀ նախագահի պաշտոնին: Բայց այսօր ասում են` ինչպե՞ս եք ձայները պահելու:
Նշանակում է` ձայներ կան, նշանակում է` ձայների թիվը էական է, նշանակում է` իշխանությունը չի կարող նախագահական ընտրություններում հաղթել` առանց այդ ձայներից գողանալու: Սա այն վիճակն է, որ երեք ամիս առաջ շատերին անհավանական էր թվում: Եւ համոզված եմ` շատերը երկար ժամանակ չեն հասկանալու, թե ինչպես պատահեց, որ Հայաստանի Հանրապետության ԿԸՀ-ն հայտարարեց. «2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության նախագահ է ընտրվել Լեւոն Տեր-Պետրոսյանը»: Եւ այդպիսի մարդկանց խորհուրդ ենք տալիս մտապահել եւ առաջիկայում որոշակի հաճախականությամբ մտքում կրկնել այս նախադասությունը: Դա կօգնի հետագայում արագ հաղթահարել ետընտրական շոկը եւ վերադառնալ նորմալ, աշխատանքային կյանքի: 
ԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՎ ԱՆՑՅԱԼԸ` ԴԵՊԻ ԱՊԱԳԱ

Comments

[info]countrev wrote:
Jan. 15th, 2008 07:51 pm (UTC)
Երկդիմիության մասին
Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատում է պետական համակարգը, պետությունը անվանում է ավազակապետություն, սակայն սնվում է նույն պետական փողերով: Երկերեսանի դիրքորոշում է այնդպես չէ: Իր կոչած այսպես կոչված "ավազակապետությունը" նրան ապահովում է ամեն ինչով:
Որպես նախկին նախագահ, նա պետական բյուջեից ստանում է բարձր աշխատավարձ, կամ կենսաթոշակ, որը ինձ թվում է հունվարից ևս 60 տոկոսով ավելացել է, վայելում է պետության տրամադրած շքշեղ առանձնատունը, քաղաքով շրջում է պետության տված ավտոմեքենայով, իսկ նրան ուղեկցում են նույն պետության անվտանգության մարմիններում աշխատող պահակազորի տղաները:
Դեռ չեմ խոսում այն ծախսերի մասին, որոնք են իր բնակարանի կոնունալ վճարումներն ու պահպանման ծախսերը, անվտանգության աշխատակիցների աշխատավարձերը ու վարորդը, մեքենայի վրա ծախսվող բենզինը, նախկին նախագահի գրասենյակ կոչվող հաստատությունը, հնարավոր է նաև տան ծառայողներն ու արխիվի աշխատակիցները, որոնք նույնպես պահվում են պետական միջոցներով:
Ավելին, սրան գումարենք առաձնատան պահպանման ծախսերը, մաքրումն ու ամենօրյա կենսագործունեոթյունը, ինչպես նաև տարածքի պաշտպանությունն ու վերահսկումը...
Այսպես կարելի է հավերժ շարունակել:
Իսկ նա խոսում է, թե գալիս է այդ ամենով իրեն ապահովող համակարգը վերացնելու մասին, ինչպես կարելի է նրան հավատալ:
Եթե նա ցականում է, որ իրեն հավատան, կրող է հօգուտ թոշակառոների հրաժարվել իր բոլոր արտոնություններից ու հանգիստ զբաղվել այգեպանությամբ, կամ իրեն հաճելի որևէ գործով, սակայն նա դա չի անում, այլ իր կոմից "ավազակապետություն" պիտակավորված համակարգի փողերով քաղցր կյանք է քաշում ու զբաղվում է գիտությամբ:
Տղերք, այդ որ հայագետը կամ պատմաբանը նման հնարավորություններ ունի, համոզված եմ, որ ոչ ոք...
Տեր-Պետրոսյանի հարազատներից մեկն էլ բավական բարձրաստիճան պաշտոն է զբաղեցնում այսօրվ պետական իշխանության համակարգոմ` այսինքն, եթե նրան հավատանք` "ավազակապետությունում":
Հիմա, դուք ինքներդ ասեք, թե ովքեր են ավազակները, այն մարդիկ, որ երկիրն իրենց ապաշնորհ իշխանության տարիներին հասցրեցին կոլապսի, թե գործող իշխանությունը, որը մոխիրներից, փյունիկի նման վերածնեց Հայաստանը:...
Ու այդ մարդիկ կրկին ուզում են գալ իշխանության, որ բազմապատկեն իրենց բարիքներն ու արտոնություններն ու խժռեն պետությունը, պարզից էլ պարզ է...