Home

Previous Entry | Next Entry


Նախընտրական ծրագրերը, մանավանդ ետխորհրդային տարածքի երկրներում, ունեն իրենց ստանդարտ կառուցվածքն ու բովանդակությունը, որոշ առումով նմանվելով պաշտոնական հրովարտակների։ Դրանք, որպես կանոն, ընդգրկում են հասարակական, քաղաքական, տնտեսական բնագավառներին վերաբերող այն միջոցառումների եւ վերափոխումների կատալոգը, որոնք խոստանում է իրականացնել ընտրողների քվեն հայցող ցանկացած թեկնածու։ Նախընտրական ծրագրերի շարադրանքում, սովորաբար, տիրապետող դիրք է զբաղեցնում ամենազոր անորոշ դերբայը՝ ավելացնել, բարձրացնել, զարկ տալ, էլ ավելի զարգացնել, ամրապնդել, ընդլայնել, խորացնել, հոգ տանել, ուշադրություն դարձնել, հետեւողական պայքար մղել, արմատախիլ անել եւ այլն։ Սակայն այդ դերբայները որքան անորոշ են ձեւով, այնքան էլ՝ դժբախտաբար, բովանդակությամբ։ Այդ է պատճառը, որ հասարակ ընտրողներն, ընդհանրապես, ի վիճակի չեն ոչ միայն խորամուխ լինել բազմազան ծրագրերի մանրամասների մեջ, այլեւ ընկալել թեկուզ նրանց էական տարբերությունները։ Հետեւաբար, նրանց համար ավելի առաջնային են դառնում թեկնածուների անձնական հատկանիշները՝ կենսագրությունը, խարիզման, բարոյական նկարագիրը, մասնագիտական ունակությունները, փորձը եւ այլն։ Իսկ երբեմն նույնիսկ սրանք էլ ավելորդ են. բավական է արտաքին տեսքը, հմայքը, պերճախոսությունը։

Նախընտրական ծրագրերի մյուս պարտադիր ատրիբուտը կամ բնորոշ կողմը ամբոխահաճության՝ պոպուլիզմի առատությունն է։ Մեկը մյուսից առաջ ընկնելով, թեկնածուները, սովորաբար, մրցում են իրար հետ, թե ով ավելի շատ եւ գեղեցիկ խոստումներ կտա ժողովրդին, բոլորովին հոգ չտանելով այն մասին, թե որքան իրատեսական, հիմնավորված կամ իրականանալի են այդ խոստումները։ Նպատակը կարճատեւ էֆեկտ ստանալն ու ընտրությունները շահելն է, փույթ չէ, թե տրված խոստումները հետագայում չեն կատարվի եւ իրենք, եթե ամոթի զգացումը դեռեւս չեն կորցրել, կարմրելու առիթներ կունենան։ Պոպուլիստական խաբկանքը կամ հիպնոզը, բազմիցս փորձարկված ու արժեզրկված լինելով հանդերձ, ամենուրեք՝ նույնիսկ աշխարհի ամենազարգացած երկրներում, շարունակում է մնալ հասարակության զարգացման ամենավտանգավոր չարիքներից կամ խոչընդոտներից մեկը։ Հակառակ դրան, հիասթափվելով մի պոպուլիստից, ժողովուրդն ամեն անգամ ընկնում է հերթական պոպուլիստի գիրկը՝ ամենեւին դաս չքաղելով իր նախորդ հուսախաբություններից։ Արտաքուստ անմեղ թվացող այդ մոլորությունն իրականում փակում է իրատես, պատասխանատու եւ պրագմատիկ մարդկանց մուտքը քաղաքականություն։ Պետության կյանքում դա հանգեցնում է քաղաքական, տնտեսական, սոցիալական ամենեւին ոչ պարտադիր վերիվարումների, վերջին հաշվով, դանդաղեցնելով հասարակության զարգացման բնականոն ընթացքը։

Հավատացած եղեք, որ, անկախ մանրամասներից, թե՛ անորոշ դերբայների օգտագործման հակումով, թե՛ պոպուլիստական խոստումների առատությամբ, ընթացիկ ընտրարշավին մասնակցող թեկնածուների նախընտրական ծրագրերն իրարից էականորեն չեն տարբերվելու։ Մինչդեռ ես, շեղվելով ընդհանուր ստանդարտից եւ քարացած ավանդույթից, պիտի փորձեմ ժողովրդի հետ խոսել պարզ, մատչելի, մարդկային լեզվով, ամենեւին չհավակնելով նորարարի կամ վերին ատյանի ճշմարտություններ հրապարակողի դերի։

Վերագտյալ դրախտի երազանքը
Այսօր մենք ունենք համաշխարհային զարգացման մայրուղուց շեղված, բարգավաճման հեռանկարից զուրկ մի երկիր եւ թշվառ գոյության դատապարտված, հոգեկան անդորրը կորցրած ժողովուրդ։ Դա, ինչպես արդեն վերը նշվեց, արդյունք է մի կողմից՝ Խորհրդային Միության քայքայմանը հետեւած անխուսափելի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ցնցումների, մյուս կողմից՝ Հայաստանի ներկա վարչախմբի հանցավոր եւ, ի բնե, հակազգային գործունեության։ Վարչախումբը գիշերուզօր թմբկահարում է երկրի անօրինակ տնտեսական նվաճումները եւ ժողովրդին կերակրում պայծառ ապագայի վարդագույն հույսերով, ինչպես խորհրդային իշխանությունները յոթանասուն տարի սեփական քաղաքացիներին կերակրում էին կոմունիզմի ուրվականով։ Այնինչ ժողովրդի մեծամասնության համար օրվա հրամայականը ոչ թե պայծառ ապագան է, որքան էլ վարդագույն այն լինի, այլ այսօր եւեթ գոնե նորմալ երկիր ունենալը։ Ի՞նչ է պատկերացնում հայ մարդը՝ նորմալ երկիր ասելով, կամ ինչի՞ մասին է նա գրեթե անդադար երազում։ Որքան էլ տխուր է, ո՛չ ամենեւին հարստության, ճոխության, պերճանքի կամ ճամփորդության, այլ մարդկային ամենատարրական կարիքների բավարարման մասին։ Մարդիկ այսօր Հայաստանում ընդամենը երազում են.

- Ունենալ մշտական աշխատանք, սեփական քրտինքով վաստակել իրենց հանապազօրյա հացը, արժանապատվությամբ հոգալ իրենց ընտանիքների ապրուստը, պատշաճ կերպով սնել եւ հագցնել իրենց երեխաներին, նրանց կանոնավոր կրթություն տալ եւ չմտահոգվել նրանց ապագայի անորոշությամբ.

- Հարկադրված չլինել արտագնա աշխատանքի մեկնելու՝ թեկուզ ժամանակավորապես լքելով իրենց ընտանիքները; չանհանգստանալ պանդխտածների ճակատագրով, չտառապել կարոտախտով, ինչը հատկապես բացասաբար է անդրադառնում երեխաների հոգեբանության եւ դաստիարակության վրա.

- Չվախենալ, որ բանակում ծառայող իրենց զավակներին, մի հարբեցող եւ կաշառակեր հրամանատարի մեղքով, կարող է դժբախտություն պատահի կամ, զինված ուժերում առկա ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, ճարահատյալ չմտածել ծառայությունից խուսափելու մասին.

- Չենթարկվել բյուրոկրատական քաշքշուկների, չնվաստացվել պաշտոնյաների կողմից, պետական մարմինների աշխատասենյակներում չհանդիպել կոպիտ վերաբերմունքի, օրենքով իրենց հասանելիք փաստաթղթերն ստանալու համար ստիպված չլինել միջնորդ-ծանոթներ փնտրել կամ կաշառք տալ.

- Միջոցների սղության պատճառով զուրկ չմնալ մարդկային փոքր հաճույքներից՝ ընթերցանությունից, թատրոն կամ սրճարան հաճախելուց, երեխաներին թեկուզ էժանագին նվերներ մատուցելուց, ընկերական հանդիպումներից ու ազգականներին այցելելուց, զբոսանքից ու հանգստից.
- Հպարտանալ հայրենիքի հաջողություններով եւ միջազգային ասպարեզում վայելած վարկով, չամաչել սեփական իշխանավորների տգիտության կամ անպարկեշտ պահվածքի համար, չբարդույթավորվել ու չընկնել հոռետեսության կամ անտարբերության գիրկը, հարգել իրենց եւ հարգված լինել ուրիշների կողմից։
ի խոսքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարզապես երազում են ապրել քիչ թե շատ նորմալ երկրում, որի մասին նրանց պատկերացումներն, ընդհանուր առմամբ, հանգում են հետեւյալին.
- Որ իշխանությունը կենտրոնացած չլինի մեկ-երկու մարդու ձեռքում, այլ լիովին ապահովվի նրա օրենսդիր, գործադիր եւ դատական ճյուղերի անկախությունը, այսինքն՝ ստեղծվի մի վիճակ, որում հանրապետության նախագահը, վարչապետը, Խորհրդարանը, դատավորները, ինչպես նաեւ դատախազությունը, նախարարություններն ու պետական մյուս կառույցները գործեն միայն Սահմանադրությամբ եւ օրենքով իրենց տրված իրավասությունների շրջանակում.
- Որ պետության մեջ չգործեն չգրված օրենքներ, տնտեսական հարաբերությունները չկարգավորվեն քրեական աշխարհի կանոններով եւ վերջ տրվի աղետալի մակարդակի հասած կոռուպցիային, որը ոչ միայն ժողովրդից կորզում է ազգային հարստության մի զգալի մասը, այլեւ լրջորեն խոչընդոտում երկրի բնականոն տնտեսական զարգացմանը, չխոսած այդ երեւույթի պատճառած բարոյական վնասների մասին.
- Որ ուժային մարմինները՝ ոստիկանությունը, անվտանգության ծառայությունը, ազգային բանակը չներքաշվեն քաղաքականության կամ տնտեսական գործունեության մեջ, այլ զբաղվեն բացառապես հանցագործությունների դեմ պայքարելու, հասարակական կարգը պահպանելու եւ երկրի անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու իրենց բուն գործառույթներով.
- Որ մարդիկ չվախենան ոստիկանից, դատավորից կամ դատախազից, այլ ընդհակառակը, նրանց մեջ տեսնեն իրենց պաշտպաններին, եւ չենթարկվեն հարկային տեսուչների ու մաքսային ծառայության աշխատակիցների կամայականություններին, չարաշահումներին ու խտրական վերաբերմունքին.
- Որ գործարարության եւ ձեռնարկատիրության բնագավառներում դեր չխաղան կաշառակերությունը, հովանավորչությունը, կողմնակալությունը, եւ բոլորի համար ստեղծվեն հավասար պայմաններ՝ թույլ չտալու համար ամենակուլ մոնոպոլիաների ձեւավորումը.
- Որ իշխանությունները ժողովրդին կողոպտելու եւ անհամար հարստություններ դիզելու փոխարեն, պատասխանատվությամբ վերաբերվեն քաղաքացիների հանդեպ իրենց ստանձնած պարտավորությունների կատարմանը, մասնավորապես, հստակ ժամանակացույցով եւ պատշաճ փոխարժեքով հատուցեն բնակչության՝ խնայբանկերում սառեցված ավանդները. միայն երկու տարում նրանց կողմից հափշտակված գումարը լիուլի բավարար էր սոցիալական լուրջ լարվածություն առաջացնող այդ չարաբաստիկ հարցը լուծելու համար.
- Որ պետական աստիճանակարգում, ծանոթության կամ հավատարմության հիմունքներով, չհայտնվեն կիսագրագետ, ապաշնորհ, անբարեկիրթ անձնավորություններ, առավել եւս հանցավոր ու քրեական տարրեր, այլ պաշտոնյաները նշանակվեն ու առաջ քաշվեն զուտ իրենց մասնագիտական ունակությունների եւ մարդկային արժանիքների շնորհիվ.
- Որ հասարակության գիտակցության մեջ արժեւորվեն մարդու հիմնական առաքինությունները՝ բարոյականությունը, ազնվությունը, այլասիրությունը, անձնազոհությունը, իսկ քծնանքը, ստորաքարշությունը, խարդախությունը, կարիերիզմը ոչ թե ընդօրինակման առարկա դառնան, այլ արժանանան միահամուռ պարսավանքի.
- Որ պետությունը, վերջապես, ձգտի բարիդրացիական հարաբերություններ հաստատել իր բոլոր հարեւանների հետ՝ ազգային շահերին համապատասխան կարգավորելով առկա տարաձայնություններն ու ճանապարհ հարթելով տարածաշրջանի երկրների սերտ եւ համակողմանի համագործակցության համար։
Ահա, ընդհանուր գծերով, հայ ժողովրդի ամենօրյա հոգսերի ու մտատանջությունների ամբողջությունը կամ, այլ կերպ, նրա երազած վերագտյալ դրախտի մոտավոր պատկերը։ Միայն այն պարագան, որ աշխարհի շատ երկրների համար սովորական այս իրողությունները այդքան հեռու ու ցանկալի են թվում մեր քաղաքացիներին, բավական է ցույց տալու, թե ինչպիսի անմխիթարական վիճակում է գտնվում իր անկախ գոյության տասնվեց տարին բոլորած Հայաստանի Հանրապետությունը։ Տասնվեց տարին, մանավանդ 1994 թվականին հաջորդած խաղաղության երկարատեւ շրջանը, քիչ ժամանակ չէր նշված խնդիրներից շատերը լուծելու եւ ժողովրդի հոգսերի գոնե մի մասը թեթեւացնելու համար։ Բայց ցավալին միայն այն չէ, որ այդ խնդիրները մինչ օրս լուծված չեն։ Ավելի ցավալի է դրանց լուծման հեռանկարի բացակայությունը եւ մարդկանց պատած հուսալքությունը։ Դա հատուկ է ոչ միայն ժողովրդական լայն զանգվածներին, այլեւ նյութապես քիչ թե շատ ապահով խավերին, որոնց նույնպես չի լքում անհուսության եւ անպաշտպանության զգացողությունը։ Այնպես որ, վերագտյալ դրախտի երազանքի իրականացումն առայժմ շարունակում է մնալ որպես անհնարին թվացող հրաշք կամ ուտոպիա։


Նորմալ երկրի ուրվանկարը՝ քաղաքական լեզվով
1. Ներքին քաղաքականության բնագավառում Հայաստանի Հանրապետության ապագա նախագահի իրականացնելիք առաջնահերթ խնդիրներն են.
Սահմանադրական կարգի վերականգնումը, այն է՝ իշխանության ձեւավորումը բացառապես ազատ ընտրությունների միջոցով.
Ներկա բրգաձեւ ավազակապետական համակարգի կազմաքանդումը, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների անկախության եւ հավասարության ապահովումը.
Լիարժեք ժողովրդավարության հաստատումը, խոսքի, մամուլի, խղճի ազատության երաշխավորումը, բազմակուսակցականության եւ պառլամենտարիզմի վերջնական արմատավորումը.
Քաղաքացիական հասարակության ինստիտուտների՝ տեղական ինքնակառավարման մարմինների, արհմիությունների, ստեղծագործական միությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ամրապնդումը.
Իրավապահ մարմինների եւ բանակի՝ քաղաքականության մեջ ներքաշվածության գոյություն ունեցող պրակտիկայի բացառումը.
Վարչական ավելորդ օղակների վերացումը եւ վերջին տասը տարիների ընթացքում անհարկի ուռճացած պետական ապարատի կրճատումը։
2. Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի նոր իշխանությունների առջեւ կանգնած խնդիրների շարքում իրենց կարեւորությամբ առանձնանում են.
Ազգային շահերի վրա հիմնված հավասարակշիռ եւ կառուցողական դիվանագիտության վերականգնումը, աշխարհի բոլոր երկրների հետ բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության ձգտումը.
Միջազգային կազմակերպությունների առջեւ ստանձնած պարտավորությունների կատարումը, նախկինում կնքված միջպետական բոլոր պայմանագրերի նկատմամբ հավատարմության վերահավաստումը.
Բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը անմիջական հարեւանների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի հետ, կառուցողական ջանքերի գործադրումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ.
Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթահարումը, միջազգային եւ տարածաշրջանային տնտեսական համակարգերում երկրի ներգրավվածության աստիճանի բարձրացումը.
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում քաղաքական կամքի դրսեւորումը, հանդես գալով արցախահայության ինքնորոշման իրավունքի պաշտպանության եւ հարցի լուծման փոխզիջումային տարբերակի որոնման դիրքերից։
3. Օրինականության վերականգնման ասպարեզում ծրագրվում է իրականացնել իրավական պետության կայացմանն ու երկրի բարոյա-հոգեբանական մթնոլորտի առողջացմանն ուղղված հետեւյալ հրատապ միջոցառումները.
Օրենքի առջեւ մարդկանց հավասարության եւ դատարանների լիակատար անկախության ապահովում՝ բացառելով իշխանության մյուս թեւերի կողմից դատավորների վրա գործադրվող որեւէ ճնշում.
Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների ընդլայնում՝ նպատակ հետապնդելով այդ ինստիտուտը վերածելու պետական հաստատությունների, մասնավորապես, իրավապահ մարմինների իրական եւ արդյունավետ հակակշռի.
Անզիջում պայքար կոռուպցիայի, պաշտոնեական չարաշահումների, կաշառակերության, դրամաշորթության, վիճակագրական կեղծարարությունների, քրեական եւ տնտեսական հանցագործությունների դեմ.
Բնակչության ձեռքում գտնվող ապօրինի զենքի եւ զինամթերքի կարգավորված առգրավում, կազմակերպված հանցագործություններին, մանավանդ զինված ավազակախմբերի գործունեությանը վերաբերող օրենսդրության խստացում.
Առանձնահատուկ վերաբերմունքի դրսեւորում անցյալում կատարված աղմկոտ հանցագործությունների՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, քաղաքական մյուս սպանությունների, բենզինի եւ գազի ներկրման հետ կապված մեքենայությունների, սեփականաշնորհման բնագավառում տեղի ունեցած չարաշահումների բացահայտման նկատմամբ.
Հետեւողական աշխատանք ներկա իշխանությունների եւ նրանց հովանավորությունը վայելող որոշ ընկերությունների կողմից ժողովրդից հափշտակված գումարները պետական գանձարան վերադարձնելու եւ դրանք գլխավորապես բնակչության սոցիալական կարիքների բավարարմանը ծառայեցնելու ուղղությամբ.
Ակտիվ մասնակցություն տեռորիզմի, թմրաբիզնեսի, փողի լվացման, մարդկանց ապօրինի առեւտրի (թրաֆիկինգ) դեմ միջազգային հանրության կողմից հայտարարված անհաշտ պայքարին.
Տնտեսական հանցագործությունների բացահայտման ընթացքում օրինականության լիարժեք գործադրում, վհուկների որսի եւ սեփականության վերաբաշխման միտվածության իսպառ բացառում.
Ոստիկանության, Անվտանգության ծառայության, Դատախազության, Հարկային տեսչության, Մաքսային վարչության աշխատակիցների եւ դատավորների աշխատավարձի կտրուկ հավելում՝ նրանց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու եւ ապօրինի եկամուտներ ստանալու գայթակղությունից զերծ պահելու նպատակով։
4. Տնտեսական բնագավառում Հայաստանի հաջորդ իշխանությունների առջեւ կանգնած գլխավոր մարտահրավերը արդյունաբերության զարգացման խթանումն ու բնակչության կենսամակարդակի որակական փոփոխության ապահովումն է, ինչին նախատեսվում է հասնել հետեւյալ սկզբունքային միջոցառումների իրականացման շնորհիվ.
Կառավարման բարելավում, օրինականության հաստատում, բարեփոխումների նոր փաթեթի ընդունում, ստվերայնության կրճատում կամ, ավելի ճիշտ, պետական ռեկետի վերացում.
Շուկայական տնտեսության երեք հիմնական սկզբունքների հետեւողական գործադրում, ինչը ենթադրում է՝ տնտեսավարող սուբյեկտներին հավասար հնարավորությունների ընձեռում, ազատ մրցակցության ապահովում եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորում.
Օրինականության եւ լիակատար թափանցիկության ապահովում սեփականաշնորհման, պետական գույքի եւ հողի վաճառքի, աճուրդների եւ տենդերների կազմակերպման, լիցենզիաների տրամադրման եւ շինարարական աշխատանքների թույլտվության հարցերում.
Հարկային օրենսդրության կատարելագործում, հարկման բազայի ընդլայնում, հարկային բեռի հավասարաչափ բաշխում, խոշոր ձեռներեցների անխտիր ընդգրկում հարկման դաշտ, Պարզեցված հարկի օրենքի գործադրման շարունակում, պետության կողմից հարկային կանխավճարների եւ ավելացված արժեքի հարկի վերադարձման երաշխավորում.
Հակամենաշնորհային քաղաքականության հետեւողական իրագործում, ներմուծվող ապրանքների շուկայում քվոտաների բաշխման եւ մենաշնորհային դիրքի առաջացման անթույլատրելիություն, ոչ բարեխիղճ մրցակցության կամ մենաշնորհային գործելակերպի պարագայում օրենքով նախատեսված խիստ պատժամիջոցների կիրառում.
Արտադրության խթանմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացում, նկատի ունենալով, մասնավորապես, հիմնական կապիտալում ներդրվող միջոցների հաշվառումը արտադրանքի ինքնարժեքի կազմում եւ դրանց ազատումը շահութահարկից, ինչպես նաեւ շահութահարկից կանխավճարներ մուծելու պրակտիկայի դադարեցումը եւ ներքին արտադրողի շահերի հավասարեցումը ներմուծողի նկատմամբ.
Պետական աջակցության ցուցաբերում բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության, մասնավորապես, ինֆորմացիոն եւ տելեկոմունիկացիոն բնագավառներում գործող արտադրությունների եւ մատուցվող ծառայությունների զարգացման, ինչպես նաեւ՝ արագագործ եւ մատչելի ինտերնետային ցանցի համատարած ներդրման գործում.
Գյուղացիական տնտեսությունների սպասարկման ենթակառուցվածքների ստեղծում, որոնց տակ ենթադրվում են՝ այդ տնտեսությունների ֆինանսավորման կազմակերպման, ագրոսպասարկման, ոռոգման, գյուղմթերքների վերամշակման եւ իրացման համակարգերը. որպես գյուղատնտեսության զարգացմանն ուղղված լրացուցիչ միջոցներ նախատեսվում են՝ պետության մասնակցությամբ գյուղացիական տնտեսությունների բերքի պարտադիր ապահովագրումը, ներմուծվող սերմնացուի վրա ավելացված արժեքի հարկի տարածման վերացումը եւ դիզելային վառելիքի ազատումը ակցիզային հարկից, ինչպես նաեւ՝ պետության կողմից պարբերական աջակցության ցուցաբերումը սերմնացուի, պարարտանյութերի, տոհմային հոտի ձեռքբերման գործում.
Բանկային գործունեությանը վերաբերող օրենսդրության վերանայում, մասնավորապես, Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունների ընդլայնում՝ ի հաշիվ նրա նախագահին վերապահված անհամաչափ լիազորությունների, նոր բանկերի գրանցման պահանջների մեղմացում, ներդումային հիմնադրամների, ֆոնդային բորսայի, վարկային կազմակերպությունների գործունեության խթանում։
5. Սոցիալական ոլորտում Հայաստանի նոր իշխանությունների գործունեության հիմքում ընկած են լինելու աղքատության վերացման, զբաղվածության եւ ծնելիության խթանման խնդիրները, որոնց լուծման համար, առաջին հերթին, ծրագրվում է իրականացնել հետեւյալ անհետաձգելի միջոցառումները.
Բնակչության իրական եկամուտների անշեղ աճի ապահովում՝ միջին աշխատավարձի գծով՝ տարեկան շուրջ 20, իսկ թոշակների գծով՝ շուրջ 30–40 տոկոսի չափով, ինչպես նաեւ՝ պետության կողմից մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների գործունեության երաշխավորում.
Երեխաների ծննդյան համար մայրերին տրվող միանվագ նպաստների կտրուկ հավելում՝ 2008 թվականից եւեթ դրանք սահմանելով՝ 500.000, երրորդ երեխայից սկսած՝ 1.000.000, իսկ հինգերորդ երեխայից սկսած՝ 1.500.000 դրամի չափով.
Բնակչության խորհրդային ավանդների ձեւակերպումը որպես պետական պարտատոմսեր՝ դրանք մարելով կրկնակի անգամ ավելի արագ եւ կրկնակի անգամ ավելի մեծ ծավալներով, քան նախատեսված է 2005 թվականին ընդունված օրենքով.
Ի տարբերություն, այսպես կոչված, էլիտար շինարարության խթանմանը, պետության կողմից սոցիալական բնակարանային շինարարության լայնածավալ ծրագրի իրականացում, որի խնդիրն է երիտասարդ կամ բնակարանազուրկ ընտանիքներին անվարձ տրվող բնակարաններով ապահովումը.
Առ 1-ը հունվարի 2005 թ. դրությամբ զինվորական ծառայությունից խուսափած եւ արտասահմանում ապաստանած շուրջ քսան հազար երիտասարդների նկատմամբ համաներման կիրառում, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պարագայում զինված ուժերի զգալի կրճատում եւ աստիճանական անցում պայմանագրային ծառայության.
Առողջապահության, կրթության, գիտության ոլորտներում պետական ծրագրերի դերի եւ տեսակարար կշռի մեծացում, հավաստագրային եւ հասցեագրված ֆինանսավորման համակարգերի ներդրում, մասնավոր կապիտալի ներգրավվածության ընդլայնում, ապահովագրական եւ հիպոթեկային հիմնադրամների հնարավորությունների լիարժեք օգտագործում, բուհական ուսման վարձերի ձեւավորումը կանոնակարգող եւ դրանց աճը զսպող մեխանիզմների կիրառում, Հայաստանի բուհերի օժտված ուսանողների կրթությունն արտասահմանում կազմակերպելու նպատակով պետական հատուկ հիմնադրամի ստեղծում։
Այսպիսով, ամենահամեստ հաշվարկներով, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ներկայացվող ծրագրի համաձայն նախատեսվում է՝ 2008–2012 թթ. ընթացքում կրկնապատկել երկրի համախառն ներքին արդյունքը, եռապատկել պետական բյուջեն ու միջին աշխատավարձը եւ քառապատկել միջին կենսաթոշակը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, շրջափակումների վերացման եւ հայ-թուրքական սահմանի բացման պարագայում սպասելի են շատ ավելի տպավորիչ արդյունքներ։

* * *

Ցանկացած ընտրություն եթե ոչ անպայման պառակտում, ապա որոշակի լարվածություն է առաջացնում հասարակության մեջ։ Ուստի ապագա նախագահից պահանջվում է իր գործունեության առաջին իսկ օրվանից լուրջ քայլեր ձեռնարկել այդ լարվածությունը մեղմելու եւ հանդուրժողականության ու ազգային համախմբման մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։ Վստահեցնում եմ, որ հաղթանակի պարագայում ես անշեղորեն առաջնորդվելու եմ այդ գիտակցությամբ։