January 31st, 2008
Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը երեկ հրապարակել է մի հոդված, որը նվիրված է Հայաստանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններին: Այստեղ եւս, ինչպես վերջին շրջանում ռուսական մամուլում տպագրված մի շարք հոդվածներում, արձանագրվում է, որ մինչեւ վերջերս Հայաստանում ստեղծված նախընտրական գործընթացը միանգամայն կանխատեսելի էր, եւ ամեն ինչ խոսում էր նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակի անխուսափելիության մասին: Պարբերականը նշում է, որ օգտվելով փաստացի անսահմանափակ ֆինանսական եւ վարչական ռեսուրսներից ու ստանալով Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը` Սերժ Սարգսյանը հեշտ հաղթանակ էր ակնկալում, սակայն Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն ամբողջությամբ փոխել է ուժերի դասավորությունը: Հոդվածագիրը դա բացատրում է հետեւյալ կերպ. նախեւառաջ Տեր-Պետրոսյանը խարիզմատիկ եւ ճարտար հռետոր է, որը իր հրապարակային ելույթների ժամանակ կարողանում է գրավել տասնյակ հազարավոր մարդկանց ուշադրությունը: Եւ երկրորդ, Տեր-Պետրոսյանը պետական բյուրոկրատիայի շրջանում, ուժային եւ այլ կառույցներում մեծ հարգանք է վայելում, նրան պաշտպանելու մասին հայտարարել են Ղարաբաղյան պատերազմի վետերանների մեծ թվով ազդեցիկ կազմակերպություններ: Այդ հանգամանքը նկատի առնելով` հոդվածագիրը նշում է, թե շատ վերլուծաբաններ կասկածում են, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած բողոքի ակցիաները բռնությամբ ցրելու հրաման ստանալու դեպքում` ուժային կառույցները կկարողանան կատարել այն: Նշվում է, որ իրավապահ մարմինների շատ աշխատակիցներ քաջ գիտակցում են, որ երկրում իրավիճակը կտրուկ կերպով փոխվում է, եւ այժմ իրենք այլեւս պատրաստ չեն կատարել վերեւից արձակված հակաօրինական հրամանները: Հոդվածագիրը ընդգծում է, որ երկիրը արդիականացնելու եւ կոռուպցիոն համակարգը ապամոնտաժելու վերաբերյալ Տեր-Պետրոսյանի առաջարկները մեծ ժողովրդականություն են ձեռք բերում: Պարբերականը որպես օրինակ բերում է հունվարի 22-ին Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կազմակերպած երթը, երբ «չնայած սաստիկ սառնամանիքին` ավելի քան 100 հազար ցուցարարներ, «Լեւոն, նախագահ» վանկարկելով, շրջել են Երեւանի փողոցներով»:
